Հայաստանը գրավյալ տարածք է

Հոկտեմբերի 3, 2003 թ., ուրբաթ

- Գրեթե բոլոր ժամանակներում մտավորականն ընդդիմություն է եղել իշխանություններին, սակայն մեզ մոտ մտավորականի այդ տեսակի խիստ դեֆիցիտ կա: Նրանք ելույթ են ունենում միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է լինում պաշտպանել իշխանություններին: Ասենք, երբ աղմկալի սպանություններ են տեղի ունենում, «անզգույշ քաշքշում են», որի արդյունքում դարձյալ մարդ է սպանվում... Հայ մտավորականի տեսակն ինչո՞ւ է այդպիսին: 

- Բոլոր նորմալ երկրներում, որտեղ գոյություն ունի առողջ հասարակություն, մտավորականի բնական վիճակն ընդդիմադիր լինելն է եղել: Մտավորականությունը, ազգի մտավոր արժեք կրողը միշտ ինքնըստինքյան ընդդիմադիր է եղել, որպեսզի իշխանավորները զգոն լինեն: Դա շատ պարզ, հասարակ երեւույթ է: Բայց քանի որ մեր հասարակությունն անառողջ է, իսկապես, մեր մտավորականներն արտահայտվում են միայն այն դեպքում, երբ պետք է իշխանավորներին պարզապես քծնել, որպեսզի ստանան մի հատ պուճուրիկ մրցանակ, պուճուրիկ գումար: Այսինքն՝ մտավորականություն, ըստ էության, ես չեմ տեսնում Հայաստանում: Մտավորականությունն ինքն իրեն դրել է նույն մուրացկանի կարգավիճակում. ոչ միայն վերեւներից են իրենց այդ վիճակում դրել, այլեւ իրենք կամովին իրենց դրել են մուրացկանների կարգավիճակում, որպեսզի մի հատ մրցանակ, մի փոքր գումար թռցնեն: Այսինքն՝ մտավորականությունը մեզ մոտ ապացուցեց, որ իսկապես մենք հիվանդ հասարակության մեջ ենք ապրում: Ես չեմ կարող չխոսել իմ սիրելի մարդու մասին. ինձ համար մտավորականի կերպար էր եւ մնում է Հրանտ Մաթեւոսյանը: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին ուզում մտավորականները մամուլում եւ ստորագրություններով այդ մեծ մարդուն փչացնել՝ բացահայտորեն երեսով տալով այն, որ նա չի դավաճանում իր ընկերներին: Փաստորեն Հրանտ Մաթեւոսյանին հրահրում էին, թե՝ ո՞նց դու չես դավաճանում, ախր մենք բոլորս դավաճան ենք, ստուկաչ ենք, ծախվող ենք, բայց դու նորից կանգնում ասում ես, ենթադրենք, իմ Վանոն: Այսինքն՝ հրապարակավ մարդուց պահանջում էին դառնալ ստուկաչ, որ նա դավաճանի իր ընկերներին: Բայց Հրանտ Մաթեւոսյանը մնաց ազնվագույն մարդ: Գուցե իր ընկերները սխալներ գործել էին, բայց ինքը չդավաճանեց: Հրանտ Մաթեւոսյանը ոչ մի սխալ թույլ չտվեց, դրա համար Հրանտի գոյությունը հենց մեզ բոլորիս ապացուցեց, որ մարդ կարող է բարոյական ու անդավաճան ապրել իր կյանքը: 

- Ձեր ասելով այսօրվա քծնող մտավորականությունը հետեւանք է անառողջ հասարակության: Բայց չէ՞ որ մտավորականությունը պետք է առաջնորդի հասարակությանն ու վերացնի այդ ախտը: 

- Առողջ հասարակության մեջ միշտ մտավորականն է առաջնորդը: Մեզանում՝ հիվանդ հասարակության մեջ, առաջնորդը նախագահն է, որն, ըստ էության, մեծ հաշվով թքած ունի ժողովրդի վրա: Նա անառողջ հասարակություն կերտողներից մեկն է: Նա ու իր շրջապատը, Սերժ Սարգսյանն ու այն բոլոր պնակալեզների բանակը, ովքեր հավաքված են հենց այն մարդու շուրջը, որը թքած ունի այս երկրի, ժողովրդի վրա: Նրանք միայն փողի մասին են մտածում: Դա անառողջ հասարակության գագաթնակետն է արդեն: Մարդը միայն պրեզիդենտ է աշխատում այն բանի համար, որպեսզի փող աշխատի, որպեսզի Համաշխարհային բանկին, հիմնադրամներին կթի՝ իր գրպանները լցնելու համար, իսկ ժողովրդի աչքին թոզ փչի՝ իր ասֆալտային, բորդյուրային հեղափոխությամբ: Սովորաբար փող տվողը միշտ էլ նկատի է ունենում, որ իր տվածի 10 տոկոսը փոշիանում է, նա հիմար չէ, պարզապես նրանք չեն հասկանում, թե ում են տվել, քանի որ միայն 10 տոկոսն է գործի մեջ դրվել: Պարզապես լափեցին այդ գումարները: Օլիգարխների երկիր է: Իսկ մտավորականություն Հայաստանում գոյություն չունի: Հայաստանում մտավոր արժեք կրող մարդ, որին ժողովուրդը պիտի նայի որպես առաջնորդի՝ լինի գրող, երաժիշտ թե կոմպոզիտոր, գոյություն չունի: Այսօր բոլորը խոսում են օլիգարխների մասին՝ մականունավորների, որոնք 4-րդ, 5-րդ դասարանի կրթություն ունեն. այդ կիսագրագետ մարդիկ զբաղեցրել են մտավորականի տեղը, բայց ամենասարսափելին այն է, որ Ռոբերտ Քոչարյանը հենվում է նրանց վրա: Օլիգարխներն իրենց փողերը պաշտպանելով պաշտպանում են Քոչարյանին: Ներքուստ բոլորն էլ ատում են Քոչարյանին, բայց իրենք այդպես պաշտպանում են իրենց գրպանները: 

- Մինչ անկախությունը մտավորականներն անկախության մասին էին շարունակ խոսում, սակայն, չե՞ք կարծում, որ այս տարիների ընթացքում նրանք, ընդհակառակը, ավելի ստրկացան: 

- Իհարկե, այդ մտավորականների անունները ժողովուրդն էլ գիտի: Այդ մտավորականները պարզապես չգիտեն, թե անկախությունն ինչ բան է: Նրանք ստրկությունը շփոթում են անկախության հետ: Լավագույն դեպքում, նրանք մի հատ քոսոտ շքանշան կարող են ստանալ. անունն ինչ ուզում են դնեն՝ դնեն Մաշտոցի անվան թե Ստալինի: Նույն բանն է, մի հատ շքանշան, մի քանի հարյուր դոլար են շպրտում իրենց, ու իրենք գոհ են: Իրենց պատկերացմամբ անկախությունը դա է, դրա համար էլ այդպես մոլորյալ կյանքով ապրում են ու մոլորյալ կյանքով էլ կմեռնեն՝ առանց հասկանալու, թե իրական անկախությունն ինչ բան է: 

- Նախկինում քաղաքականության մեջ լուրջ դերակատարում ունեին նաեւ մտավորականները: Օրինակ, Վանո Սիրադեղյանը, որի վերադարձի անհրաժեշտության մասին այսօր տարբեր կողմերից համառ քննարկումներ են ընթանում: Դուք ինչպե՞ս եք վերաբերում դրան: 

- Վանո Սիրադեղյանի անցյալի վերաբերյալ ես ինձ դատավոր չեմ համարում: Որպես ՀՀ քաղաքացի գուցե ինքն իր սխալներն ունեցել է: Բայց Վանոն նախ ներսի մարդ է, մեր մարդն է, հայ է, եւ ենթադրում եմ, որ եթե նա սխալներ ունեցել է, ապա այս տարիների հարկադիր աքսորի ժամանակ շատ բան հասկացել է: Այո, ես ասել եմ, որ միգուցե Վանո Սիրադեղյանն այժմ պատրաստված նախագահ է: Այո, նրա վերադարձը ճի՛շտ է: Պարզապես մեկ հանգամանք կա. եթե նա վերադարձավ, ո՞ւմ վրա է հենվելու: Եթե իր նախկին ընկերների, իմ կարծիքով, նույն ձախողումը կլինի: Նախկին ընկերներն ապացուցեցին, թե ինչի են ընդունակ: Հենց Վազգեն Սարգսյանը, որն, ըստ էության, դավաճանեց իր ընկերներին, որքան էլ ցավալի լինի: Ու նրան սպանեցին ոչ այն մարդիկ, ում ինքը դավաճանեց: Այսինքն՝ չորսբոլորը դավաճաններ են: Չգիտեմ, եթե Վանոն վերադառնա, ո՞վ է կանգնելու նրա կողքին: Անելանելի իրավիճակ է: Իսկ ղարաբաղյան կլանից ազատվելը ահավոր դժվար է լինելու: Հենց նախագահական ապարատից են մարդիկ ասում, որ նա հեշտ գնացող չէ: Եվ գուցե ժամանակ գա, եւ մենք լուրջ մտածենք ազգային ազատագրական պատերազմի մասին՝ մի քանի քաղաքական խուլիգաններից ազատվելու համար: Հայաստանն օկուպացված երկիր է. ղարաբաղյան կլանը պարզապես գրավել է Հայաստանը: Ես Հայաստանը համարում եմ գրավյալ տարածք: Եվ մենք նախ պետք է մտածենք երկիրն ազատագրելու մասին, իսկ հետո արդեն նոր, սիրուն երկիր կառուցելու մասին: 

- Ո՞ր իշխանության օրոք էր մտավորականը ավելի մտավորական: 

- Ճշմարիտ մտավորականի համար ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակն էր ճիշտ, ոչ՝ Ռոբերտ Քոչարյանի, քանի որ մտավորականը պետք է միշտ խռովարար լինի: Այն ժամանակ էլ մտավորականը խռովարար չէր: Դա մտավորականի ներքին տրամադրվածությունից է գալիս, թե ինչպես է նա նայում իր երկրին, ինչքանով է նա իրեն զգում մտավոր արժեքի կրող: Այսինքն՝ նույն ստրուկը, որը քծնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, այսօր քծնում է Ռոբերտ Քոչարյանին: Վաղը այդ ստրուկը կքծնի մյուսին: Մտավորականն ինքն է մեր հիվանդ հասարակության մեջ մղվում ստորացուցիչ իրավիճակի: Բացի Հրանտ Մաթեւոսյանից, ես չեմ տեսել մեկ այլ մտավորականի, որը կարողանար մեկ խոսքով ժողովրդին մի բան հասկացնել, մի փոքր բան արթնացնել նրա մեջ: Այնպես որ, մտավորական կոչեցյալները քծնողներ են: Պարզապես ամոթ այն նախագահին, այն իշխանավորին, որը թույլ է տալիս, որ իրեն քծնեն: Այն իշխանավորը, որը սիրում է, երբ իրեն քծնում են, նշանակում է, որ նա հիվանդ մարդ է, որովհետեւ նորմալ մարդը երբեք թույլ չի տա, որ իրեն քծնեն: Դա ինքը պետք է անձնական վիրավորանք համարի: 

- Այսօրվա մտավորականից ի՞նչ որակի ստեղծագործական արտադրանք կստացվի: 

- Անձամբ ես ոչ մի ակնկալիք չունեմ, քանի որ մեր գրական կյանքը, եթե կարելի է դա այդպես կոչել, աղետալի վիճակում է: Ոչ մի խելոք բան չի տպվում, նորմալ գրող չունենք նաեւ: Հովանավորներ գտնելով ինչ ասեք տպում են, բայց մենք բացարձակապես ոչ մի արժեք չենք ստանում: Մեր շատ գրողների բախտը բերել է, որ գրում են հայերեն եւ ապրում են երրորդ աշխարհում: Այսինքն՝ պստիկ հանրապետությունում, տարածքում, որտեղ կարող են իրենց գլուխը լա՜վ գովել: Ոչինչ չտվող լոկալ հերոսներ են: Ոչ ոք ոչինչ չի տվել աշխարհին, ոչ մի բան էլ չի կարող տալ: Պարզապես ամեն մարդ իր շրջապատում, հարեւանների մոտ կամ սրճարանում կարող է գլուխ գովել, որ ինքը գրող է, բայց իրականում ոչ մեկն էլ ոչինչ չի գրում ու ոչ մի արժեք չի ստեղծում: Բոլորի գրածներն էլ կորելու-գնալու են: Ի տարբերություն Հրանտ Մաթեւոսյանի: Մեկ տարի առաջ հրապարակվեց Հրանտ Մաթեւոսյանի հարցազրույցների՝ «Մի՛ ուրացեք ձեր եղբորը» ժողովածուն: Դա հրապարակվեց, քանի որ այդ շարքը ուշադիր մի քանի անգամ կարդացողը հայ ժողովրդի, մեր բոլորի փրկության կոդը այդ գրքում կգտնի: Այնտեղ դա կա: 

- Իսկ մտավորականության քծնող տեսակի փրկությունը ո՞րն է: 

- Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, քանի որ այդ հարցին պատասխանելու համար պետք է իմանանք, թե ինչպես կերտենք ճիշտ հասարակություն: Գուցե դա սկսվում է նրանից, որ իշխանավորն ուզում է իր երկրի ժողովուրդը լավ ապրի: Մենք ահավոր Նժդեհների պահանջ ունենք, մեկ Նժդեհն էլ քիչ է այսօր: Միգուցե չէր խանգարի, որ որոշ ժամանակ Հայաստանում դիկտատուրա լինի: Նկատի ունեմ, գուցե աբսուրդ հնչի՝ ազգային դիկտատուրան: Թող մի քանի տարի էլ խստություն լինի, ու այդ խստությամբ կարգ ու կանոն հաստատի իր տանը, այսինքն՝ երկրում: Բայց այդ դիկտատորը պիտի լինի հոգացավ մարդ, որի նպատակը միայն ազգը մաքրելը կլինի: Բայց այդ դիկտատուրան չի արտահայտվում զուգարաններում հաստավիզ թիկնապահների միջոցով մարդուն ծեծելով սպանելով: Վատ իմաստով, դիկտատուրան դա է, երբ նախագահին բարեւելու համար մարդուն սպանում են: Կրկնում եմ, խստություն, որը կարգուկանոն կհաստատի երկրում: Երեկոյան ժամը 22-ից հետո Մաշտոցի պողոտան սովորական պոռնկատուն է, ճիշտ այս երկրի դեմքը ցույց տվող պատկեր: Ուրեմն լրիվ փտած է այս երկիրը, լրիվ է ապականված: 

Հարցազրույցը վարեց 
ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Հոկտեմբերի 3, 2003 թ., ուրբաթ

← նախորդը։ Ի՞նչ կարելի է սպասել մեր գրողներից, որոնք անգամ Մարտի 1-ը չեն դատապարտել