Ի՞նչ կարելի է սպասել մեր գրողներից, որոնք անգամ Մարտի 1-ը չեն դատապարտել
Ես չեմ կարծում, որ գրավոր ձևով հնարավոր է հեղափոխության մասնակցել: Գրողը պետք է անմիջական մասնակցություն ունենա երկրում կատարվող իրադարձություններին, մանավանդ՝ ամենաճգնաժամային պահերին: Գրողը պարտավոր է լինել իր ժողովրդի կողքին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թարգմանիչ, «Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր Սամվել Մկրտչյանը:
Նրա խոսքով`բոլոր ժամանակներում էլ եղել են մարդիկ, ովքեր մտածել են, թե գրողը պարտավոր չէ անմիջական մասնակցություն ունենալ երկրում ընթացող իարդարձություններին, դա նորմալ է, սակայն երբ վիճակը դառնում է ճգնաժամային, գրողը հո չի՞ նստելու ու սպասի` ինչ է լինելու: Մեզանում, սակայն, ըստ նրա, ամեն ինչ այնքան այլասերված է, որ անգամ ժողովրդական շարժում լինելու դեպքում գրողների մեծ մասը ժողովրդի կողքին չի լինի, այլ կկանգնի իշխանությունների կողքին:
«Ես չեմ կարծում, թե գրողից, մանավանդ՝ մեր գրողներից ինչ-որ բան կարելի է սպասել: Գրողների միությունն ունի 400 գրող, բայց մի քանի գրող կա, որոնք իրենց դիրքորոշումը հստակ արտահայտել են: Ի՞նչ կարելի է սպասել մեր գրողներից, որոնք անգամ Մարտի 1-ը չեն դատապարտել ու չեն պահանջել դատապարտել հանցագործներին ու մարդասպաններին»,- ասաց Ս. Մկրտչյանը:
Նրա խոսքով`մի քանի անհատներ կան, ովքեր միշտ եղել են ժողովրդի կողքին ու միշտ էլ կլինեն: «Մյուսներն ի՞նչ են գրում, որ իրենց ստեղծագործություններով էլ ոգևորեն»,- խոսքը եզրափակեց Մկրտչյանը:
Հոկտեմբերի 3, 2011