Ջոյսի «Ուլիսես»-ի վերաբերյալ

Ջոյսի «Ուլիսես»-ի վերաբերյալ զավեշտական կարծիք կա՝ բաղկացած երկու մասից. ա) «Ուլիսես»-ը բոլոր ժամանակների լավագույն վեպն է. բ) ոչ ոք այն չի կարդացել մինչև վերջ: Ինչպե՞ս է սա մեկնաբանում թարգմանիչ Սամվել  Մկրտչյանը։

-Ես հայ ընթերցողին խորհուրդ կտայի մոռանալ առաջին կետը և ընթերցել մինչև վերջ: Հավատացնում եմ, որ գիրքն այս տեսքով (լուսանցքային ծանոթագրություններ, պատկերազարդ) առաջին անգամ է լույս տեսնում: Թեպետ Ժակ Դերիդան զգուշացնում էր՝ երբեք մի ասա, թե դու կարդացել ես Ջոյս, քանի որ մենք միշտ գտնվում ենք նրան ընթերցելու եզրին: Պատճառն այն է, որ հնարավոր չէ «Ուլիսես»-ը տեսնել ամբողջությամբ. մենք միշտ մի մասն ենք տեսնում, բայց Ջոյսն ընթերցողին հրավիրում է դեպի իր տեքստային լաբիրինթոսը, որտեղ վերջինս կարող է նույնիսկ գործող անձ դառնալ:

-Փաստորեն, Ջոյսի լեզվական «խութերը» հաղթահարելի են:

-Ոչ բոլոր դեպքերում:  Ի տարբերություն շատ լեզուների, որոնք պարզապես չունեն «Ուլիսես»-ի տեքստը թարգմանելու ֆիզիկական հնարավորություն, հայոց բառամթերքի գանձարանում ջոյսյան բոլոր լեզվական շերտերն ու նրանց անհավանական թվացող հնարքների լուծումները կան. հարկավոր է խորասուզվել և հանել այդ գանձերը՝ ի տես այսօրվա մրոտողների, որոնք չունեն ոճ, չունեն հարուստ բառամթերք, այլ միայն ունեն գրականության մասին թյուր պատկերացում: Իմ խորին համոզմամբ, հայի ստրկամտությունը գալիս է մայրենի լեզվի վատ իմացությունից:

-Սահուն անցում գրականությունից էթնոսի խնդիրների՞ն:

-«Ուլիսես»-ն ամեն ինչի մասին է, բայց վեպն ինքը հենց էթնոսի, ինքնության և կողմնորոշման մարմնավորումն է: Իռլանդացի, հրեա, հայ. բոլորը յուրովի իրենց հարցն են լուծում: Իռլանդացիներն իրենց համառությամբ ազատվեցին բրիտանական հրեշից, հրեաներն աշխարհը մատի փաթաթան են շինում, իսկ մենք ինքնամատույց կառչած են մի կորպորատիվ երկրից, որտեղ ազգային գլխավոր առանձնահատկությունը 17-րդ դարից սկսյալ ռազբոյն է ու հարբեցողությունը, իսկ նրա ներդրումն համաշխարհային մշակույթի մեջ՝ խիստ չափազանցված: Մի կարգին տղա ժամանակին ասել է՝ մենք այն ենք, ինչ մտածում ենք մեր մասին: Հայն իրեն մեծ մշակույթի մեջ չի ձգտում տեսնել:

-Ինչո՞ւ ցանկացաք, որ այս գործը հայերեն լինի:

-Այս հարցին լավագույնս պատասխանել է նախագծի հեղինակը՝ Հասմիկ Դանիելյանը: Այն է՝ ամենակարևորը, որքան էլ տարօրինակ հնչի, իրատեսության վրա հիմնված հպարտությունն է. այսուհետև յուրա­քանչյուր հայ կարող է, առանց ամաչելու, օգտվել համաշխարհային մշակույթի այս անցաթղթից, որովհետև «Ուլիսես»-ը նախևառաջ մշակութային երևույթ է, չափանիշ և չափորոշիչ: Ունե՞ք «Ուլիսես»-ը: Ներս համեցեք:  Էլ չեմ խոսում վեպի՝ ամեն մի լեզու հարստացնելու ահռելի կարողության մասին: Այսօր նա մեզ շատ է պետք: Որովհետև մենք գրից բացի այսօր ոչ մի հենակետ չունենք: Մեր միակ մարտարվեստը հայոց լեզուն  է, և ես հաճույքով, կներեք, օտարամոլների աչքն եմ խոթում այս գիրքը: Իսկական գայթակղություն է՝  գործնականորեն ցույց տալ հայերենի վիթխարի հնարավորությունները: Չմոռանանք, որ «Ուլիսես»-ը թարգմանված է ընդամենը երկու տասնյակ լեզուներով և ամբողջությամբ թարգմանված չէ նույնիսկ այնպիսի լեզուներով, որոնք ավանդաբար թարգմանական դպրոցի կրողներ են:

-Հայերեն գրքի նախաբանի բնաբաններից մեկը մեջբերում է Թոմ Սթոփարդից. «-Ինչո՞վ էիք զբաղված Մեծ Պատերազմի տարիներին, Պրն Ջոյս: -Ես «Ուլիսես»-ն էի գրում: Իսկ ինչո՞վ էիք զբաղված Դուք»:  Թարգմանիչին այսպիսի հարցեր չե՞ն տալիս:

-Ես կպատասխանեի, որ «Ուլիսես»-ն էի թարգմանում, եթե բախտս բերեր ու հարցնեիք, թե ինչով էր Պրն Մկրտչյանն զբաղված Մեծ Թալանի տարիներին:

← նախորդը։ Անասունների ագարակը


→ հաջորդը։ Հայաստանը ... Ո՞ւմ Հայաստանը