Անասունների ագարակը

Վարդուհի Սիմոնյանի հարցազրույցը գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հետ

 Սկսենք գլխավոր հարցից. ըստ Ձեզ՝ ո՞րն է այսօր գլխավոր հարցը:
– Ինչպես դարեր շարունակ՝ ողջ մնալը. գոյատևել՝ իրականացնելու մեր հավիտենական առաքելությունը: Ամեն ինչ անել՝ չմեռնելու համար: Մենք ուրիշ ոչնչով չենք զբաղված: Մենակ թե չասեք, թե պետություն ենք կառուցում: Հասուն մարդիկ ենք ու պետք է հասկանանք, որ այսպիսի պետություն չի լինում, ու պետությունն այսպես չեն կառուցում: Այսպիսի մշակույթ, ԶԼՄ-ներ, նախագահ, կառավարություն, ԱԺ, նույնիսկ սերիալներ չեն լինում. սրանք հակացուցված են մարդկությանը: Մեր իրականությունն այնքան է աղճատվել, որ սկսել ենք իրար հետ տարբեր լեզուներով խոսել:

 Ուրիշ ո՞ւմ, եթե ոչ Ձեզ պիտի հարցնել որպես «Ուլիսեսի» թարգմանչի՝ արդյո՞ք մեռած լեզու չի գրական կոչված հայերենը. կյանքի այսօրվա ռիթմին, բաց տեքստերին կարողանո՞ւմ է այդ լեզուն սպասարկել:
– Եկեք վերջնականապես ճշտենք «գրական»-ի տեղը. դա գրականության լեզուն է, որը լեզվաբանները որպես «բարձր» են դասակարգում՝ ի տարբերություն «ցածրի» (խոսակցական, բարբառներ, արգո, ժարգոն, և այլն): Այս դասակարգման մեջ հետին միտք չկա: Այն, որ ժարգոնով կարելի է գեղարվեստական գործ գրել՝ մասնավոր հարց է: Որքան սրանք իրարից հեռու են մի լեզվում, այնքան մեծ է երկլեզվության վտանգը: Ղըրղըզներն, օրինակ, ունեն «ժողովրդական» ու «փիլիսոփայական» (իրենց իսկ բնորոշմամբ), ընդ որում հասարակ ժողովուրդը բացարձակապես չի հասկանում «փիլիսոփայականը»: Մենք դեռ այդքան չենք հեռացել, բայց շատ գրողներ, ԶԼՄ-ների հետ միասին, ամեն ինչ անում են, որպեսզի չշեղվեն ամեն ինչ հարամ անելու բնատուր տաղանդից: Գրական հայերենը փառավոր լեզու է, Բայրոնի ասած՝ Աստծո հետ խոսելու լեզու. բարդ, խրթին, բայց իսկական գրականության թարգմանիչները սա իրենց մաշկի վրա են զգացել: Հայոց լեզվի համար ամեն ինչ թարգմանելի է և արտահայտելի (մի կարծեք, թե բոլոր լեզուներին է տրված այս շռայլությունը): «Ուլիսես»-ում լեզվական բոլոր շերտերը կան. ես ցանկացել եմ ապացուցել, որ հայերենը ևս (կրկնում եմ՝ ի տարբերություն բազմաթիվ «զարգացած» համարվող լեզուների) ունի այդ շերտերը: Քանի դեռ կա գիր, գրականություն ու թարգմանություն, լեզուն մեռած չի կարող լինել: Ափսոս, որ գրականն ու ամենօրյա խոսակցականը շատ են հեռացել իրարից: Հարցի մյուս կողմը. գրական լեզուն, այո, չի կարող լինել, և ծիծաղելի կհնչի, եթե լինի, «ժողովրդական», բայց խոսակցական, կենդանի լեզու այդպես էլ չի ստեղծվում. ռուսերենն ու դրանից բխող գողալեզուն իրենց ազդեցությունն այստեղ ևս ունեն: Այսօր միայն մի քանի անհատների ուսին է՝ քո ասած կյանքի ռիթմն արտահայտելու, կենդանի լեզվով հաղորդակցվելու «բեռը»: Լեզուն ամենայն հոգածությամբ պղծվում է պետական մակարդակով, ու հայերենն այստեղ մեղք չունի: Հղում անենք հոգեբան, լեզվաբան Ն. Չոմսկիին, ով պնդում է, որ լեզուն անհատական է ու աճում է որպես կենդանի օրգան՝ ձեռք, աչք, թոք: Այսօր մի դուրսպրծուկ գրող ու լեզվի տեսչության մի խեղկատակ հաջողությամբ ապացուցում են, որ հայերենը կռնատ է, կամ միաչքանի: Ղըրղըզերենի ճյուղ: Մինչդեռ իրենք են հաշմված: Ցավալի է հատկապես կլիմաքսային բանաստեղծներին հետևելը:

 Միգուցե, հենց այդ երկլեզվանիությունից էլ գալիս է էսքան սուտն ու անհարմարությունը, մեր պատճառով մեր լեզուն ստվել է. մեր երեխաները դպրոցի, տան, փողոցի լեզվական սղումների մեջ մանկուց սկսում են կեղծիքին հարմարվել: Դուք հրապարակային նման խոստովանություն չեք արել, բայց ինձ թվում է, որ «Ուլիսես» թարգմանելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ շտապել եք հայերենը շփել անգլերենի բոլոր բառերի հետ միաժամանակ, ստեղծելով լեզվի, ոճի բազմազան հայերեն ֆորմաներ. հիմա դրանցից ո՞րն է ավելի օրինակելի զանգվածայնացնելու համար:
– Լեզուն, ի միջի այլոց, նաև ստի խոսափող է, բայց ոչ նրա գործարանը: Լեզուն չի սիրում կաղապարներ. այն ազատ է, միշտ զարգացման մեջ է, քանի որ կախված չէ մեկ անհատից: Եթե կուզեք՝ լեզուն ինքն է գտնում համապատասխան ձևերը, և այս օրգանիզմի համար կարևոր է, թե ինչ միջավայրում է այն աճում: Ժարգոնը նույնպես մշակույթի մաս է, բայց նույնիսկ նա կարող է «կռնատ» լինել, քանի որ չունի «մատեր» (տարատեսակներ): Վկա՝ այսօրվա «խոսակցական» հայերենը, որն առավելապես գողական ժարգոնն է: Չզարմանաք, եթե ասեմ, որ համընդհանուր նորմալ լեզու (գրական թե խոսակցական) վերջին հաշվով չի կարող լինել մի երկրում, որտեղ չկա քաղաքացիական հասարակություն, այսինքն՝ որտեղ ամեն ինչ (առաջին հերթին՝ լեզուն) ենթակա է այլասերման ու լճացման: Իսկ «օրինակելի զանգվածայնացնելու» ձևը ամենից լավ գտել է հեռուստատեսությունը. ապազգային ապուշները գլխի են ընկել, որ մարդկանց ապուշացնելու հզորագույն միջոցը մեդիան է: Ինչը և անում են՝ իրենց չխնայելով: «Ներքին թուրքին» ներքին մասոնն է փոխարինում:

 Սամվել, պարզ է, որ լեզուն պիտի դուրսուներս անի, որ չդախանա, ճկուն մնա. չլիներ հների թարգմանական եռանդը, մենք վաղուց վերջացած կլինեինք. հիմա Դուք՝ որպես այդ գործի ամենահմուտ մասնագետ, ինչի՞ վրա կհրավիրեք երիտասարդ թարգմանիչների ուշադրությունը՝ հատկապես ինչը եւ ինչպես արժե թարգմանել. գոնե մի քանի կարևոր բան Դուք պիտի հուշեք, որովհետև, ինչպես երեւում է, վերեւները զահլա չունեն էսպիսի բաների հետ, առավելագույնը թարգմանչաց տոն կանեն՝ «ուտուշ-խմուշի» սուրբ ռիտուալով:
– Տերտերների մենաշնորհը թողնենք տերտերներին. իրենք դրանից լավ են զգում: Ի՛նչ թարգմանել. պարզ է՝ այն լավագույնը, ինչը մեզ կմոտեցնի աշխարհի մշակույթին ու ամենակարևորը՝ կհարստացնի հայերենը: Բայց պետական քաղաքականությունը (այսինքն՝ դրա բացակայությունը) ամենամեծ խոչընդոտն է: Ոչինչ: Պետություն չենք ունենա, բայց լեզուն կպահպանենք. դարերի փորձ ունենք: Կներեք սև հումորի համար: Ունենալ հրաշալի լեզու, մտավոր ներուժ ու միաժամանակ լինել էսքան աննպատակ, տափակ ու պոռոտախոս: Սա նույնիսկ հարևանիդ կատուն չի ների, ուր մնաց՝ պատմությունը:

 Սամվել, Դուք մոդեռնիստական գրականության հոր գործ եք թարգմանում, մարդու ենթագիտակցական շերտերի քննություն եք առաջադրում մի հասարակության, որն իսկի իր կենցաղային պարզագույն պետքերը չի կարողանում հոգալ. ինձ թվում է, որ «Ուլիսես» չթարգմանած ժողովուրդները ոչ թե լեզվից են տկար եղել, այլ իրենց գրաշուկան միգուցե ավելի լավ է հաշվել պահանջարկը. հիմա, ըստ Ձեզ, Ուլիսեսին հասանելի քանի՞ ընթերցող կլինի մեր երկրում:
– Երկու միլիոն: Լավ, մի քիչ ծաղկացնում եմ: Երկու հոգի:

 Ի՞նչը կարող է մեզ մի քիչ կարգի բերել. դատելով Ձեր հրապարակային խոսքից՝ Դուք կարծես, ոգեւորված էիք քաղաքացիական շարժումներով…
– Ոչ դեմոկրատիան. այն սպառել է իրեն և վերածվել չարիքի: Դեմոկրատիան պարարտ հող դարձավ մարդկության շարունակական այլասերման համար: Ջ. Լենոնը երգում էր. «Քեզ բթացնում են կրոնով, սեքսով ու TV-ով»: Անձամբ ինձ պետք չէ դեմոկրատական-կղերական սուտ շիլան: 21-րդ դարում ամոթ է fucking peasant (նույն երգից է) լինել ու մամուլը հեղեղել անգրագետ գողերի մասին լուրերով ու նրանց հետ հարցազրույցներով: Մենք կյանքի կոչեցինք Օրվելի անասունների ագարակը: Բայց առանց ջանք թափելու կարելի է մի շատ պարզ բան հասկանալ՝ եթե չարիքը պարբերաբար վերարտադրվում է, հարկավոր է այն խեղդել: Հիասթափված լինելով հանդերձ (կամ այդ պատճառով) ես ռադիկալ քայլերի կողմնակից եմ: Ինձ այսօր ջղայնացնում է այն ամենը, ինչ խանգարում է իմ քաղաքացիական անհնազանդությանը: Non serviam, Ջոյսի սկզբունքն է. «Չեմ ծառայի»՝ ոչ պետությանը, ոչ՝ եկեղեցուն:

 Մեր երկրում արդեն մարդու կյանքի հետ անհամատեղելի դրություն է ստեղծվել. կարելի է ասել՝ աղետ է. ազնիվ, մտածող խավն, ով դեռ երեկ կարողանում էր իրենն աներ ու իրենն ասեր, արդեն մատնվում է սովի: Ի՞նչ կասես քո այդ եղբորը:
– Այս տարիների մեծագույն արհավիրքը ուրացումն ու դավաճանությունն է: Ինչպես մարդիկ, ում անկաշառ ես կարծել, հերթով, հեշտուհանգիստ խուրդվեցին: Իսկական ռնգեղջյուրացում: Հայաստանում գենային, օրգանական տեսակի աղետ է տեղի ունեցել. մտավորականության տեղը զբաղեցրել են ինչ-որ մուտանտ-դեգեներատներ, ովքեր դրամատիրական կարգեր են հաստատել: Ուշադիր նայեք ամենուր հայտնվող դրանց մռութներին ու կտեսնեք էվոլյուցիոն խախտման հետևանքները: Զզվելի է ապրել մի երկրում, որտեղ յուրաքանչյուր 10-ից 9-ի հետևում ուրիշի ականջներ են ցցված: Ծախվածն ավելի վտանգավոր է, քան գնորդը. վերջինս իր գործը հստակ է անում, քանի որ ծախվածների հսկայական բանակ ունի՝ յուրաքանչյուր գումարտակ, վաշտ, ջոկատ իր յուրօրինակ տեսակով: Սա ոգու սովն է, իսկ մեծագույն աղետը հոգու աղետն է, որից ավելի սարսափելին՝ այդ աղետը հավուր պատշաճի ընդունելն է: Սովյալը մի կերպ հաղթահարում է սովը, օլիգարխ դարձած գողը՝ երբեք: Դրանք բոլորը միասին վերցրած նույնիսկ գոմաղբ չարժեն, բայց երկիրը վերածեցին գոմի: «Ինչ անելը» մոռացած՝ գլխումս մի հարց է անընդհատ պտտվում՝ որտեղի՞ց Հայաստանում, կներեք, էսքան շատ գյոթ: Նույնիսկ Սովետի տարիներին ոնց որ էսքան չկային. որտեղի՞ց բուսնեցին: «Քռչ» բառը, առանց ձայնավորի, դրանց վրա ավելի լավ է նստում, քան թանկարժեք «կաստումները»: Դրանց մասին խոսելուց հետո մարդ պիտի ցնցուղ ընդունի: Հիմա ես ի՞նչ ասեմ իմ ազնիվ, մտածող, չուրացող, հեռացող ու վերացող եղբորը, սիրելի Վարդ: Ջարդիր քեզ սովի մատնողի գլուխը:

 Իսկ ի՞նչ կասեիք երկրի նախագահին, եթե աչքը աչքին հանդիպեիք նրան:
– Բարև, Ռոբ:



→ հաջորդը։ Ջոյսի «Ուլիսես»-ի վերաբերյալ