Մտավարժանք. Ջոն Դոն

Այժմ նրանք (զանգերը)
ասում են մեղմիկ ղողանջելով՝
Դու պիտի մեռնես

Նա, ում համար ղողանջում է այս զանգը, կարող է այնքան տկար լինել, որ չիմանա, թե իր համար է այն ղողանջում:

Եկեղեցին կաթողիկ է և համընդհանուր: Նույնպիսին են և նրա բոլոր գործերը. այն ամենն, ինչ նա անում է, ամենքին է պատկանում: Երբ նա երեխա է մկրտում, այդ բանը վերաբերում է ինձ, քանզի երեխան այդկերպ է միանում այն Ձեռքին, որը նաև իր ձեռքն է:

Երբ նա մարդ է թաղում, այդ բանը վերաբերում է ինձ: Համայն մարդկությունը մի հեղինակի արարում է և մի հատոր է, երբ մարդ մահանում է, գրքից մի գլուխ չի պատռվում, այլ թարգմանվում է մեկ ուրիշ, առավել ընտիր լեզվի, և ամեն գլուխ պետք է թարգմանվի նմանապես:

Աստված բազում թարգմանիչներ ունի. ոմանց թարգմանում է ծերությունը, ոմանց՝ հիվանդությունը, ոմանց՝ արդարությունը. բայց Աստծո ձեռքն է ամեն թագավորության մեջ:

Նմանապես՝ քարոզի կանչող զանգը չի ղողանջում միայն քարոզչի համար. այս զանգը բոլորիս է կանչում:

Ո՞վ ականջ չի դնի զանգին, ինչ առիթով էլ այն ղողանջելիս լինի: Ո՞վ անհաղորդ կմնա ղողանջին, որն աշխարհին է հանձնում իր մասնիկը: Ոչ մի մարդ կղզի չէ, լիովին ինքն իր մեջ:

Յուրաքանչյուր ոք նշխար է մայրցամաքի եւ մասնիկ երկրի: Եթե ցամաքից ծովը մի բուռ հող է տանում, Եվրոպան նվազում է: Նույնն է եւ հրվանդանը, նույնն է եւ ձեր բարեկամի, կամ ձեր սեփական կալվածքը: Յուրաքանչյուր մարդու մահը նվազեցնում է ինձ, քանզի ես մտահոգված եմ մարդկությամբ: Հետեւապես՝ բնավ ոչ մեկին մի ուղարկիր իմանալու, թե ում մահն է գուժում զանգը. նա քո՛ մահն է գուժում:

← նախորդը։ Վիլյամ Շեքսպիր. Սոնետներ


→ հաջորդը։ Սնամեջ մարդիկ. Թ․ Ս․ Էլիոթ