Վիլյամ Շեքսպիր. Սոնետներ
[5]
Ժամերը, որոնք այնպես քնքշորեն արարեցին քեզ
Եվ հայացքդ վառ, ուր ապրում են քո աչքերը անգին,
Անգութ դահիճներ կդառնան մի օր աչքերին այդ հեզ,
Եվ բռնակալներ՝ հավասարապես տգեղ աչքերին,
Քանզի անանդորր ժամանակը միշտ քշում է ամառն
Ու նրան, անարգ ձմռանն հանձնելով, խեղում է անլուր.
Եղյամ է դառնում խեժը ծառերի, մեռնում է անտառն,
Ու ձյան բեռան տակ անպտղությունն է տիրում ամենուր:
Բայց եթե ամառն իրենից հետո չթողներ ոչինչ,
Եթե չզտեր սրվակում բանտած գերի մի կաթիլ,
Գեղեցկությունը անդարձ կկորցներ էությունն իր ջինջ
Եվ անհիշատակ կհալչեր ինչպես աննշան փաթիլ.
Զտված ծաղիկներն անգամ ձմռանը մնում են անեղծ,
Խամրում արտաքուստ՝ սակայն չեն կորցնում էությունն իրենց:
[10]
Ամոթ է, չասե՛ս, թե մեկին է քո սիրտը նվիրված,
Դու, որ դարձել ես ինքդ քո հանդեպ այդքան անտարբեր.
Թեկուզ և ասես, թե հազարների կողմից ես սիրված,
Ամեն ոք գիտի, որ ոչ մի կնոջ չես պարգևել սեր:
Քանզի քո սիրտը ատելությունն է պաշարել միայն,
Եվ անգամ քեզ հետ չես կարողանում դու համակերպվել.
Դու միշտ փորձում ես քարուքանդ անել պատերը քո տան,
Մինչդեռ բաղձանքդ պիտի լիներ այն վերստի՛ն կերտել:
Փոխի՛ր քո կյանքը, որ ես իմ հերթին մտքերս փոխեմ.
Ատելությունը մի՛թե հեզ սիրուց բարեկեցիկ է.
Ա՜խ, եղիր ինչպես արտաքուստ ես դու ազնիվ ու խոհեմ,
Ասա՛ բոլորին, որ չարը քո մեջ միայն կեղծիք է.
Ուրիշ անձ դարձիր, փոխիր քո բոլոր մտքերն իմ սիրույն,
Որ քո պերճանքը հավետ ունենա իր կյանքը ուրույն:
[17]
Ո՞վ կհավատա իմ քերթվածներին տարիներ հետո,
Թեև քո հոգու արժանիքներով կլինեն զեղուն.
Եվ, Աստվա՜ծ գիտե, գուցե թե նրանք գերեզմանն են քո,
Որի խավարում թաղված է հավետ շնորհքդ բեղուն:
Դատարկ թղթերին եթե հանձնեի պարճանքն աչքերիդ
Եվ վերածեի արժանիքներդ քերթության անմեռ,
Մարդիկ կասեին. «Այս տողերն ախար սուտ են ու անմիտ.
Երկրային դեմքին երկնային հմայք չի շողացել դեռ»:
Եվ իմ թղթերը, որ ժամանակից կլինեն դեղնած,
Անվստահելի մի ծերունու պես պիտ արհամարհվեն,
Քո վեհությունը կվերագրվի իմ կրքին անսանձ,
Գրվածքները այս սոսկ հնադարյան երգ կհամարվեն:
Բայց թե պատահի, որ քո զավակը ողջ լինի այդժամ,
Կրկնակի՛ կապրես՝ նրա մեջ և իմ երգերում արժան:
[19]
Անկո՛ւշտ ժամանակ, պոկիր առյուծի ճիրանները դու,
Թող պտուղը միշտ անհագուրտ հողի բաժինը դառնա,
Պոկիր մեկ առ մեկ վագրի երախից ժանիքներն հատու,
Ի՛ր իսկ արյան մեջ այրիր փյունիկին, որ չհառնա նա:
Մինչ անցնում ես դու, բեր եղանակներ ուրախ ու տխուր
Եվ վարվիր ինչպես հաճելի է քեզ, ո՛վ արարգաոտ,
Այս աշխարհի հետ՝ իր խամրող բոլոր գանձրով անլուր,-
Բայց արգելում եմ, որ գործես դու այս ոճիրն արյունոտ.
Դու մի՛ ակոսիր անգութ ժամերով ճակատն իմ սիրո,
Հնամյա գրչով գծեր մի քաշիր դու նրա դեմքին,
Եվ ինչ էլ լինի, անբիծ թող նրան ընթացքի մեջ քո,
Որպես պերճության կատարյալ նմուշ՝ գալիք սերնդին:
Բայց, ծե՛ր ժամանակ, վատթարն էլ գործիր, բայց գիտցիր, որ նա
Իմ քերթվածներում հար ու հավիտյան ջահել կմնա:
[28]
Ուրեմն ինչպե՞ս կարող եմ լինել ուրախ ու անհոգ,
Երբ զրկված եմ այդ դյուրակեցության չնչին օգուտից,
Երբ չի մեղմացնում գիշերը օրվա վիշտը անամոք,
Այլ գիշեր ու զօր և զօր ու գիշեր չարչարում են ինձ:
Եվ նրանք, թեև թշնամիներ են հավետ հակամարտ,
Դաշինք են կնքել ու միահամուռ ինձ են խոշտանգում,
Որ տքնեմ անվերջ ու գիշերվա մեջ խորհեմ հուսահատ,
Թե քեզնից հեռու ի՛նչ օգուտ ունեմ այս աշխատանքում:
Ես ասում եմ միշտ ի հեճույս օրվան, թե պայծառ է նա,
Խնկարկում նրան, երբ սև թուխպերը երկինքն են գերել,
Շողոքորթում եմ ես մռայլատես դեմքին գիշերվա.
Երբ աստղեր չկան, ասում եմ, թե նա ցերեկ է բերել,
Բայց օրն օրեցօր երկարացնո՜ւմ է ժամն իմ խոնջության,
Եվ գիշերը միշտ ուժեղացնո՜ւմ է ուժն իմ հոգնության:
[31]
Օ՜, քո կրծքի մեջ քանի՜ ու քանի՜ սրտեր են նիրհում,
Որոնց, ինձանից հեռու լինելով, մեռած եմ կարծել,
Բայց սերն է այնտեղ իր շնորհներով հավիտյան տիրում,
Եվ դեմքերն անգին, որոնց մահն եմ ես անդադար լացել:
Որքա՜ն անարատ ու հեզաբարո արցունք է խլել
Իմ թաց աչքերից սերը ջերմեռանդ ու պատկառական,
Բայց հիմա գիտեմ, որ այս աշխարհից նրանք չեն մեկնել,
Այլ քո մեջ են այդ հոգիներն անտուն ու թափառական:
Դու այն շիրիմն ես, ուր ապրում է միշտ սերը դամբանած,
Որտեղ կախված են ննջեցյալների ավարները վես:
Նրանք ինձանից քեզ փոխանցեցին շնորհներն անանց,
Եվ շնորհափայլ գանձերը հիմա պատկանում են քեզ:
Դեմքերն իմ սիրած քո մեջ եմ հիմա ես տեսնում միայն,
Եվ դու, նրանց հետ, ունես իմ հոգու գանձերը համայն:
[32]
Երբ ողջ կլինես, իսկ ես՝ հեռացած վաղ, անժամանակ,
Երբ ոսկորներս պատած կլինի մահը մոխիրով,
Երբ պատահաբար ընթերցես դու այս տողերը դատարկ,
Որ քո ննջեցյալ երկրպագուն է քեզ թողել սիրով,
Դու ժամանակի՛ քերթողների հետ բաղդատիր նրանց,
Ու թեև նրանք այնքա՜ն կզիջեն ուրիշի գրչին,
Անշուք երգերս պահպանիր հանուն ի՛մ սիրո անանց,
Քանզի ոչ մեկին չեն հաղթի նրանց հանգերը չնչին:
Եվ այդ ժամանակ այս միտքն իմ մասին դու բարեհաճիր.
«Թե բարեկամիս մուսան էլ աճեր ժամանակի հետ,
Է՛լ արժանավոր տողեր կկերտեր նրա սերն անծիր
Եվ ժամանակի հանճարների մեջ կլիներ հավետ.
Բայց զի նա չկա, և կան նրանից զորեղ պոետներ,
Կասեմ, որ նրանց տողերում կա ոճ, իսկ նրա մոտ՝ սե՛ր»:
[50]
Որքան ծանր եմ այս ճանապարհներով ընթանում առաջ,
Երբ ճամփորդության վախճանը բնավ չի մոտենում ինձ,
Այլ շունչ առնելու մտքերն են միայն գալիս ընդառաջ՝
Ասելով, որ ես հեռանում եմ լոկ իմ բարեկամից:
Հոգնատանջ իմ ձին տանում է մեջքին վիշտը ուժասպառ,
Եվ օրորվելով նրա բեռան տակ, առաջ չի գնում.
Ասես բնազդով հասկացել է այս կենդանին թշվառ,
Որ չեմ շտապում, երբ ինձ քեզանից հեռու են տանում:
Այս արյունածոր խթանը նրան չի մղում առաջ,
Երբ ես չարացած ձաղկում եմ ամուր կողերը նրա,
Որպես պատասխան արձակում նա մի ծանր հառաչ,
Որ խթանից էլ խոր վերք է թողնում իմ սրտի վրա,
Քանզի այդ ձայնից իմ միտքը միայն այս է հետևում՝
Վիշտը՝ իմ առաջ, իսկ խնդությունը մնաց ետևում:
[55]
Ո՛չ մարմարակերտ և ո՛չ ոսկեզօծ հուշարձանները
Թագավորների՝ իմ հզոր երգից չեն ապրի երկար.
Այստե՛ղ ավելի մաքուր կշողա քո վառ պատկերը,
Քան ժամանակի փոշուց խունացած ամեն շիրմաքար:
Երբ պատերազմնրն արձան ու կոթող քանդեն հիմն ի վեր,
Երբ բնաջնջվեն վեհ ձեռնարկները քարագործության,
Ո՛չ սուրը Մարսի, ո՛չ պատերազմի հուրը կարևեր
Չեն ոչնչացնի արձանագիրը քո հիշողության:
Եվ մոռացական թշնամանքներին, մահին հակառակ՝
Դու դեռ կքայլես, որ քո պարծանքը և անունն արի
Ապրեն հետագա մեր սերունդների սրտում փառունակ,
Մինչև որ նրանք տեսնեն վերջնական օրը աշխարհի.
Մինչև դատաստանն ամենքին էլ իր վախճանը բերի,
Դու կապրես այստե՛ղ և աչքերի մեջ սիրահարների:
[58]
Օ՜, Աստված չանի, որ ես, լինելով ստրուկ ու գերի,
Նաև ստուգեմ քո զվարճության ժամերը անանց,
Կամ թե քեզանից հայցեմ անդադար թիվը ժամերի,
Երբ պարտավոր եմ քեզ համար լինել նոքար ու ժամանց:
Քո հրամանին ու կանչին խոնարհ՝ ես միշտ կտոկամ
Մեր անջատումը, տառապանքները, ինչպես բանտարկյալ,
Եվ, ընտելացած ամեն տաժանքի, ես լո՜ւռ կհոգամ-
Վերքերիս համար ես չեմ համարի քեզ մեղապարտյալ:
Գնա ուր կուզես. քո արտոնությունն այնքան է հզոր,
Որ դու ես միայն քո ժամանակի տերը ընտրված,
Եվ ինչ էլ անես դու արարքներով քո իրավազոր,
Գիտցիր, որ ներման մենաշնորհը քեզ է արտոնված,
Իսկ ես կսպասեմ, թեկուզ դժոխքի ահեղ տանջանքով,
Բայց քո հաճույքը չեմ դատապարտի մեղադրանքով: